ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐ, ՍԱԿԱՅՆ ԾԱՆՈԹ ՉԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ, ԲԻԶՆԵՍ ՌԻՍԿԵՐԻՆ

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐ, ՍԱԿԱՅՆ ԾԱՆՈԹ ՉԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ, ԲԻԶՆԵՍ ՌԻՍԿԵՐԻՆ
27.11.2009 | 00:00

Լեհաստանում մի քանի տարի ապօրինի ապրած 52-ամյա Ազատ Խաչատրյանը պատմում է, որ Հայաստանում հարմար ոչ մի գործ չգտնելով, որոշեց մեկնել արտերկիր. «Լեհաստանում ապրում էի ուրիշի փաստաթղթերով: Աշխատում էի առանց հանգստյան օրերի` օգնելով Հայաստանում բնակվող ընտանիքիս։ Ասել, թե ամեն ինչ հարթ էր, սխալ է. դժվարություններն ամեն քայլափոխի հետապնդում էին ինձ: Սակայն այն փաստը, որ ընտանիքիս ապրուստի հիմնական միջոցը ես էի հոգում, ստիպում էր անտեսել բոլոր դժվարությունները: Մի օր էլ կատարվեց այն, ինչից այդքան վախենում էի. ինձ այդ երկրից արտաքսեցին…»:
Անօրինական միգրանտների այս խմբի` անօրինական աշխատողների վերաբերյալ վիճակագրական տվյալները, ի տարբերություն ապաստան հայցողների, մոտավոր են: Հասկանալի պատճառներով այս անձինք խուսափում են իշխանությունների հետ հարաբերություններ ունենալուց և ոչ մի տեղ չեն հաշվառվում:
Գեղարքունիքի մարզպետարանի տրամադրած տվյալներից տեղեկանում ենք, որ Մարտունի քաղաքում տղամարդ բնակչության 60 տոկոսը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում, մեծ մասը` ՌԴ։ Շատերն ընդհանրապես տեղյակ չեն ՌԴ-ում գործող օրենքներին: ՀՀ քաղաքացիներն առավել քիչ խնդիրներ կունենան տեղի իրավապահ, ինչպես նաև միգրացիոն հարցերով զբաղվող մարմինների հետ, եթե իրազեկ լինեն ՌԴ-ում գործող նոր օրենսդրությանը:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատերը միգրացիոն հարցերի առնչությամբ չունեն բավարար տեղեկացվածություն: Մարդիկ երկար տարիներ ապրելով օտար երկրներում` կտրվում են Հայաստանից, անտեղյակ են լինում երկրի նոր օրենքներին, կորցնում են սոցիալական բոլոր կապերը:
Հայաստանից մարդկանց արտագաղթը խորացավ և մեծ չափերի հասավ անցյալ դարի 90-ական թվականներին: Հացի խնդրի լուծումն այժմ էլ մարդկանց զգալի մասը տեսնում է արտերկրում` համարելով դա իրավիճակից փրկություն:
Ըստ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի` ոչ մի հայ ընտանիք կամ հայ մարդ չէր ցանկանա հայտնվել ապօրինի միգրանտի կարգավիճակում: Եթե պատկերացնեն, թե ինչ չարչարանքների և վիրավորանքների են հանդիպելու, այստեղից ընդհանրապես չեն գնա:
ՀՀ տնտեսությունը գնալով զարգանում է, սակայն չի նվազում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Միգրանտների սպասարկման կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների 55 տոկոսի կարծիքով, ապաստան հայցող մարդիկ կարող են աշխատել, 58 տոկոսը համոզմունք է հայտնել, որ այդ երկրներում աշխատելու համար հատուկ թույլտվություն պետք չէ, իսկ 4 տոկոսը վստահ է, որ անօրինական ճանապարհներով արտերկրում հայտնվածներին, ի վերջո, հաջողվում է այնտեղ հիմնավորվել: 61 տոկոսն էլ ցանկություն է հայտնել լրացուցիչ տեղեկություններ ստանալ օրինական միգրացիայի և աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին:
Ակնհայտ է, որ բնակչության տեղեկացվածության բարձրացումը նախապայման է տեղաշարժի կանխարգելման, աշխատանքային միգրացիայի ամբողջական պատկերացման:
Չնայած օտարերկրյա պետություններում առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին ստորագրվող համաձայնագրերին, «Արտագնա աշխատանքների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծին, իրականացվող մի շարք ծրագրերին` միգրացիային առնչվող խնդիրները շարունակում են մնալ օրակարգային:
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամն էլ 2007 թվականից, մեկ տարի տևողությամբ, իրականացրել է անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված ծրագիր, որի առանցքն են եղել աշխատանքային միգրացիան և դրան առնչվող մի շարք միջոցառումներ: Հիմնադրամը ֆինանսավորել է յոթ նմանատիպ ծրագրեր, որոնք իրականացվել են ռեսուրս կենտրոնների միջոցով:
Ծրագրի ավարտից հետո էլ շարունակվում են աշխատանքները, որովհետև տարածաշրջանում առկա են տարաբնույթ խնդիրներ, քաղաքացիներն էլ, թե՛ մեկնող, թե՛ վերադարձող, կարիք ունեն խորհրդատվության:
Վերադառնում են մարդիկ, ովքեր ունեն որոշակի գումար, սակայն ծանոթ չեն աշխատաշուկային, բիզնես ռիսկերին, երեխաներն էլ կարիք ունեն լրացուցիչ ուսուցման, կա միջավայրին հարմարվելու խնդիր: Շատերն էլ կրկին վերադառնալու են այնտեղ, որտեղ տարիներ շարունակ ապրել և աշխատել են: Այս ամենը պահանջում է շարունակական գործընթաց, որն արդեն ապահովվելու է տեղական հնարավորությունների միջոցով:
«Արդեն 6 ամիս է` իմ հայրենիքում եմ։ Չեմ հարմարվում, խնայողություններս էլ արդեն սպառվել են: Կրկին մեկնելու ճանապարհներ եմ որոնում։ Սակայն ինքս էլ չգիտեմ` ո՞ւր և ինչպե՞ս... Ի՞նչ է սպասում ինձ և իմ ընտանիքին ապագայում»,- մտահոգ ասում է պանդուխտի ցուպը կրկին ձեռքն առած Ազատ Խաչատրյանը:
Մեկնելու ճանապարհները կանխելու համար ծրագիր են իրականացնում «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան` Եվրոպական հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ: Այն «Միգրացիայի և ապաստանի ոլորտում 3-րդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծն է:
Տեսնենք` ի՞նչ կտա այդ նախագիծը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ